ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք պետք է մեր ներսում ուժեղ ու մաքուր լինենք, որպեսզի կարողանանք լուծել ազգային մեծ խնդիրները»

«Մենք պետք է մեր ներսում ուժեղ ու մաքուր լինենք, որպեսզի կարողանանք լուծել ազգային մեծ խնդիրները»
12.06.2009 | 00:00

«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Արձակագիր, դրամատուրգ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ «Սև քառակուսի կարմիր անապատում» գիրքն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին ու ևս մեկ հիշեցում է մեր ցավի մասին, պատմությունը չմոռանալու ևս մեկ պատգամ:
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔԵԼ»
-Պարո՛ն Ադալյան, ավարտվել են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները: Դրանց ընթացքն ու հանգուցալուծումը Ձեզ գոհացրե՞լ են:
-Այդ ընտրությունները դեռևս կրքոտ քննարկումների են ենթարկվում մամուլով, հեռուստատեսությամբ: Անկեղծ ասած, որ կողմին լսում ես, հավատում ես: Շատ դժվար է այս պարագայում ունենալ քո սեփական կողմնորոշումը: Քանի որ մեզանում ընտրությունները վերջին տասնամյակում բուռն կրքեր են բորբոքել, մենք իներցիայով վարժված չենք ընդունելու, որ կարող են և լավ ընտրություններ լինել: Տեսականորեն եմ ասում, սա իմ գնահատականը չէ քաղաքապետի ընտրություններին: Բայց այն մի քանի փաստերը, որ հրապարակվում են այս օրերին, ինձ մտահոգում են: Իհարկե, ընտրությունների բարոյական մակարդակը շատ կարևոր է մեր երկրի, պետության համար: Ես չեմ հավատում, թե անբասիր ընտրություններ են եղել, թեև ինքս անձամբ կեղծումի որևէ փաստի ներկա չեմ եղել: Բայց եթե նույնիսկ մտածենք, որ այս ընտրությունները լավն են եղել, մենք պետք է ձգտենք ավելի լավին, հասնենք իսկապես անբասիր ընտրությունների: Կարծիքների մեջ մեղադրվում են իշխանությունները, թաղապետերը: Այո՛, անշուշտ, նրանք մեղավոր են, եթե վատ գործընթացներ են տեղի ունեցել: Բայց չմոռանանք ամենամեծ մեղավորին՝ մեր ազգը: Ինձ որքան էլ փորձեն կաշառել, ոսկե սարեր խոստանալ, ես իմ ձայնը չեմ վաճառի: Մեր ժողովուրդն այս առումով դատապարտելի է:
-Գուցե ավելի դատապարտելի են այն պայմաննե՞րը, որում հայտնվել է մեր ժողովուրդը, ինչից դրդված էլ նա տրվում է 5-10 հազարների գայթակղությանը:
-Մի՞թե 5-10 հազար վերցնողը չի հասկանում, որ վաղն այդ փողն այլևս չի լինելու, իսկ այդ ձևով ընտրված պաշտոնյան իրենից տասնապատիկն ու հարյուրապատիկն է կորզելու՝ բարոյապես, ֆիզիկապես, տնտեսապես: Ես չեմ ուզում իշխանություններին ներկայացնել լուսապսակով, բայց ինձ ավելի մտահոգում է մեր ժողովրդի բարոյական որակը: Այսպես չի կարելի ճանապարհ անցնել, երկիր կառուցել, հասնել դեմոկրատական կարգավիճակի: Չի՛ ստացվի: Մենք միշտ ասում ենք, թե հանճարեղ ժողովուրդ ենք: Բայց շատ մեծ թերություններ ունենք: Դժվար տարիներ ենք ապրում, և այդ դժվարությունների մեջ մեր բոլոր բացասական գույներն ու գծերը ջրի երես են դուրս եկել: Էլի ենք դժվար ժամանակներ ապրել, մեր պատմության ընթացքը միշտ էլ դժվար է եղել, բայց հայ մարդը երբեք այսքան այլասերված չի եղել: Գրողը նաև բժիշկ է, և եթե նա իր ընթերցողին բուժելու ուղղությամբ քայլեր չի անում, ուրեմն իր գրողական գործը թերի է կատարում: Մենք չպետք է վախենանք՝ ասելու մեր սիրելի, հարազատ հայ ժողովրդին, որ նա այսօր թաղված է շատ վտանգավոր հիվանդությունների մեջ:
-Մեր ժողովրդին առհասարակ բնորոշ է բժշկից, վերջին շրջանում՝ նաև գրքից, գրականությունից խուսափելը: Ինչպե՞ս պիտի լսելի դառնա գրող-բժշկի խոսքը:
-Չասենք, թե դա ժողովրդին է բնորոշ: Դա բնորոշ է անխելք մարդկանց: Խելոք մարդն անհարմարություններ ունենալու դեպքում անպայման դիմում է բժշկին: Պարզապես այսօր խելոք մարդիկ քիչ կան: Մեր հասարակությունն այսօր շարժվում է հիվանդ ճանապարհով: Դա իմ՝ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու ամենամեծ տխրությունն է և ամենամեծ անհանգստությունը:
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ, ԹՈՒՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»
-Հայ դիտորդների կողմից կարծիք հնչեց, որ Եվրախորհրդի դիտորդները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ներմագենը, կանխակալ անտարբեր վերաբերմունք են ունեցել մեր ընտրությունների նկատմամբ: Սա ինչպե՞ս կբացատրեք:
-Մի քանի բացատրություն կարող է լինել: Նախ՝ դրսի դիտորդները լավ չեն ճանաչում մեր ընտրական ընթացքը: Պարզապես տեսնել, որ մարդիկ մտնում են ներս, ցույց են տալիս անձնագրերը, վերցնում են ընտրաթերթիկներն ու գաղտնի քվեարկում, դեռ չի նշանակում լիովին պատկերացում կազմել ընտրությունների մասին: Թե այդ ամենից առաջ տվյալ ընտրողն ինչ հալածանքների է ենթարկվել, ինչ ուժեր են ներգործել նրա ընտրության իրավունքի վրա, դիտորդները չեն իմանում:
-Չե՞ն իմանում, թե՞ չեն ցանկանում իմանալ:
-Գուցե և չեն ցանկանում իմանալ: Որովհետև, ցավոք, եվրոպական հզոր պետություններին ձեռնտու է երկրորդական, թույլ պետությունների գոյությունը: Վերջիններիս իրենց կամքը պարտադրելն ավելի հեշտ է: ՈՒժեղ պետությանը, ուժեղ ժողովրդին չես կարող պայմաններ թելադրել: Ես չէ, որ պիտի ասեմ՝ քաղաքականությունը պոռնկություն է: Այդ պոռնկությունը հատուկ է եվրոպացի դիտորդներին: Նրանք չեն ցանկանում իրենց կողքին ունենալ տարածքով ու բնակչությամբ փոքր, բայց հզոր անհատականության, հզոր ինքնության տեր երկրներ: Դա նրանց ձեռնտու չէ: Դրա համար էլ հայտարարում են, թե ամեն ինչ մեզ մոտ լավ է, թե եվրոպական մասշտաբի ընտրություններ են տեղի ունեցել: Առաջինը ես կուրախանամ, եթե իրոք այդպես լինի:
-Ի՞նչ եք կարծում, հոկտեմբերին կայանալիք Եվրախորհրդի նստաշրջանում այդ նույն կարծիքը կկրկնե՞ն մեր ընտրություններն այսօր դրական գնահատող դիտորդները:
-Չգիտեմ: Դա էլ է տարածված երևույթ. այստեղ մի բան են ասում, այնտեղ՝ այլ: Նույն բանի մասին երկու տարբեր կարծիք ունենալը ո՞րն է: Եվ մի կարծեք, թե ընտրակեղծիքներ միայն Հայաստանում են լինում: Ամերիկայի նման հսկայական երկրում Բուշն ընդամենը 60-70 հազար ձայնի առավելությամբ հաղթեց: Սա ի՞նչ քանակ է, այսքան ձայնը հեշտությամբ կարելի էր հավաքել կեղծիքների ճանապարհով: Եվ այդ մասին ժամանակին խոսակցություններ եղան: Մենք պետք է սովորենք բաց աչքերով իրար նայել. իշխանավորը՝ ինձ, ես՝ այս երկրի հասարակ քաղաքացիս, իշխանավորին: Մենք պիտի իրար հավատանք, խաղեր չանենք: Հասարակության վրա շատ վատ են անդրադառնում այդ խաղերը: Երբ խոստանում են ինչ-որ բաներ ու հետո չեն կատարում, ես չեմ կարողանում այդ մարդկանց աչքերին նայել:
-Իսկ այդ մարդիկ կարողանո՞ւմ են ժողովրդի աչքերին նայել:
-Այո՛, շատ հանգիստ էլ նայում են։
-Անդրադառնանք հետաքրքիր մի «մանրուքի» ևս. սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս ընտրություններում ՕԵԿ-ի պարտության գլխավոր պատճառը համարում է ընտրացուցակի առաջին համարի սխալ ընտրությունը: Ըստ նրա՝ ժողովուրդը չի տվել իր ձայնն այս կուսակցությանը, որովհետև նրա առաջատարն ուսուցիչ էր և կին: Այսինքն՝ մենք, եվրոինտեգրացիայի կարգախոսները թմբկահարելով հանդերձ, մնում ենք ասիացի՞, չե՞նք կարողանում ընդունել կին առաջնորդի հանգամանքը:
-Կարծում եմ՝ Ադիբեկյանը սխալվում է: Առաջնորդը կարող է լինել և՛ ուսուցչուհի, և՛ կին: ՕԵԿ-ականները ձախողվեցին, որովհետև ժողովուրդը հիշեց նրանց պահվածքը նախորդ ընտրություններում: Հիշեց, թե ինչպես էին այդ մարդիկ կուրծք ծեծում նախընտրական շրջանում, և թե ինչպես հետո ոչինչ չարեցին: Իսկ ձայներ հավաքելը կուրծք ծեծելով չի լինում: Հեղինե Բիշարյանը մի քիչ դուրս էր գալիս կանացիության շրջանակներից: Շատ էր ուզում անպայման հաղթել: Նրա մեջ ես հարգանք չէի տեսնում իր մրցակիցների նկատմամբ: Չի՛ կարելի ընտրվելը կյանքի խնդիր դարձնել: Եթե մեկը ցույց է տալիս, թե պատրաստ է կյանքը զոհելու հանուն ինչ-որ աթոռի, չես հավատում: Որովհետև դա հակաբնական է:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
-Մարտի 1-ի գործով անկախ փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, մասնավորապես նրա ղեկավար Վահե Ստեփանյանի կողմից հրաժարական ներկայացնելու պատճառաբանությունները Ձեզ համոզի՞չ են թվում:
-Նման կարևոր խնդրում կոտրատվելու, կոկետություն անելու, կեղծ վիրավորվածություն խաղալու վարքագիծը չեմ ընդունում: Այս հետաքննությունը, որ վարում են մեկ տարուց ավելի, շատ կարևոր է ժողովրդի համար, պետության համար: Գուցե անկարևոր և անօգտակար է ոմանց համար: Բայց մենք ինչո՞ւ պիտի հետաքրքրվենք նրանցով: Եվ հետո, ինչո՞ւ պիտի այս գործի քննությունն այդքան ձգձգվեր: Մի՞թե այդքան մութ խնդիրներ կան: Ամեն ինչ կատարվել է հասարակության աչքի առաջ: Հասարակությունը և այս իշխանությունները մասնակից են եղել դրան: Հո Ջոն Քենեդիի սպանությունը չեղա՞վ, որ մինչ օրս էլ վախենում են ասել իսկական մեղավորի անունը: Բոլոր դեպքերում ինձ այս գործի ձգձգվածությունը դուր չի գալիս: Փաստահավաք խմբի և խորհրդարանական հանձնաժողովի անհամաձայնությունները դուր չեն գալիս: Վերջապես, մարտի 1-ից հետո իշխանություն է փոխվել, նախագահ է փոխվել, մի՞թե հնարավոր չէ ճշմարտությունը բացահայտել:
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին շրջանում հանդես է եկել մի քանի զեկույցով, մի քանիսն էլ նախապատրաստվում են, մի բան, որ արտակարգ իրավիճակներին բնորոշ երևույթ է: Ըստ Ձեզ՝ սա վկայում է այն մասին, որ մեզանում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվո՞ւմ են:
-Ես կուզենայի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ու նրա ղեկավարին, ինչպես և մեզանից յուրաքանչյուրին ասել, որ մարդու իրավունքների համար պայքարելը մարդկության կարևորագույն խնդիրներից մեկն է: Այդ նույն համատեքստում պիտի դիտել և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը, ցեղասպանության ճանաչման հարցը: Մենք պետք է մեր ներսում ուժեղ ու մաքուր լինենք, որպեսզի կարողանանք լուծել ազգային մեծ խնդիրները: Մարդու իրավունքներով պետք է զբաղվի մեզանից ամեն մեկը: Մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կուլտուրա է, զարգացածության աստիճանի դրսևորում:
«ԻՐԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՀԱՃԱԽ ՄՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ»
-Մայիսի 28-ին մի շարք մտավորականներ արժանացան կառավարական պարգևների, և այդ առիթով որոշ լրատվամիջոցներ նշեցին, թե մշտապես պարգևատրվում են իշխանամետները: Դուք ևս արժանացել եք ՀՀ նախագահի մրցանակին: Ձեզ իշխանամե՞տ մտավորական եք համարում:
-Վճռականորեն համաձայն չեմ այդ կարծիքին: Դա սադրանք է թե՛ արվեստագետների, թե՛ իշխանությունների նկատմամբ: Ես բավական լավ գիտեմ գրականության դաշտը և չեմ կարող բերել գոնե մեկ օրինակ, որը համապատասխանի այդ գնահատականին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, իսկ եթե զբաղվում եմ, ապա դա գրականության քաղաքականությունն է: Ոչ մի տող չեմ գրել ի նպաստ քաղաքականության, բայց հանրապետության նախագահն ինձ արժանացրեց մրցանակի և ջերմ խոսքեր ասաց այդ առիթով: ՈՒ ես շատ ուրախ եմ և հպարտ, որ արժանացել եմ մեր հանրապետության բարձրագույն մրցանակներից մեկին: Մրցանակը, ճիշտ է, մեկին է տրվում, բայց դրա մեջ նաև կա վերաբերմունք գրականության նկատմամբ:
-Ինչպիսի՞ վերաբերմունքի են արժանանում սփյուռքի Ձեր գրչակիցները հայրենի կառավարության կողմից: Նրանց նկատմամբ ուշադրությունը բավարա՞ր է:
-Կցանկանայի, որ ավելի մեծ լիներ այդ ուշադրությունը: Շատ տարիներ առաջ՝ խորհրդային շրջանում, սփյուռքի լավագույն գրողները մուտք չունեին Հայաստան: Վերջին 20-30 տարիներին վիճակը փոխվեց: Հիմա ավելի սերտացել են Հայաստան-սփյուռք գրական կապերը, երկու տարին մեկ կայանում է համահայկական գրական համաժողով: Մենք ունենք հիանալի սփյուռքահայ գրողներ, այդ թվում և՝ դասականներ (Համաստեղ, Կարապենց), որոնք Հայաստանում տպագրվում են, մեկնաբանվում, դասավանդվում, ընթերցվում: Բայց նրանք, անշուշտ, ավելիին են արժանի:
-Պարո՛ն Ադալյան, պատմեք, խնդրեմ, նաև Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Ավարտել եմ մի նոր վեպ՝ «Ծաղրածուն մեծ քաղաքում»: Վերջին տասնամյակների իրականության մասին է, անդրադառնում է ստալինիզմի և քաջնազարականության երևույթներին: Գրում եմ մեկ այլ վեպ՝ «Ժամադրություն» վերնագրով: Միայնակ կնոջ մասին է, ինքն իր հետ մնացած մարդու հոգեբանական, զգացմունքային որակների մասին: Տպագրության եմ պատրաստում նաև հրապարակախոսական հոդվածներիս ժողովածուն: Եվ, առհասարակ, անընդհատ մտածում ու աշխատում եմ: Ինձ համար շատ կարևոր է արժեքայնության չափանիշների պահպանումը: Բոլոր ասպարեզներում, այդ թվում և՝ արվեստի ու գրականության, չափանիշները խիստ խախտված են: Երբ իսկական արվեստագետին չես ներկայացնում իսկական դեմքով, շահում են ոչ իսկականները: Մենք պիտի երևույթները գնահատենք ըստ արժանվույն ու չմոռանանք, որ հատկապես հոգատարության կարիք ունեն շնորհալիները: Չափանիշների այսպիսի անկում ես իմ երկարամյա գրական կենսագրության ընթացքում չեմ տեսել: Մեր ամբողջ հասարակությունը հիվանդ է սպառողական հոգեբանությամբ: Հիվանդ է նաև մշակութային դաշտը: Բոլորն ուզում են վերցնել և չեն մտածում՝ ի՞նչ են տալիս: Իսկ ովքեր իսկապես ինչ-որ բան են տալիս, չեն էլ մտածում վերցնելու մասին: Մենք հասարակայնորեն և պետականորեն լուրջ չենք վերաբերվում մեր մեծերի հուշ-թանգարաններին, հուշ-մասունքներին: Պետք է ուշադիր և հոգատար լինենք մեր մեծերի թողած ժառանգության նկատմամբ՝ լինի դա տուն, գիրք, իր, թե մեկ այլ բան: Դրանք անգին մասունքներ են, որոնք պիտի փայփայենք և հաճախ ներկայացնենք: Մեր հեռուստաալիքները պիտի հաճախ անդրադառնան այդ մեծություններին, թե չէ արդեն խեղդվեցինք բաղաձայն երգիչների առատությունից: Բոլորն «աստղ» են, իսկ իրական աստղերը հաճախ մնում են լուսանցքում: Այնինչ նրանց ներկայությունը մեր հուզաշխարհում շատ կարևոր է:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ